ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ ուժերի կազմում ընդգրկված հայ խաղաղապահները Ղազախստանից տուն են վերադառնում

Հայ խաղաղապահները Ղազախստանում. Արխիվային լուսանկար
ՀԱՊԿ-ի ուժերում ընդգրկված Հայաստանի խաղաղապահ զորախումբը կտեղափոխվի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով իր մշտական տեղակայման վայր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀԱՊԿ-ի ուժերում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի ստորաբաժանումները սկսել են Ղազախստանից դուրս բերել և հայրենիք վերադարձնել իրենց անձնակազմն ու տեխնիկան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի հանրապետությունների Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, որոնք կատարել են Ղազախստանի Հանրապետությունում սոցիալ-նշանակություն ունեցող օբյեկտների պահպանության` իրենց առջև դրված խնդիրները, «Ժիտիգեն» և «Ալմաթի» օդանավակայաններում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներում բեռնում են իրենց տեխնիկան, նստեցնում անձնակազմին, որպեսզի բերեն հայրենիք» ,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հայտարարվել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: