ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Հայաստանը կարող է Թուրքմենստանի և Ադրբեջանի գազի տարանցողը դառնալ Մեղրիի տարածքով, սակայն երկրի տրամադրության տակ պետք է լինի ողջ տարանցիկ ենթակառուցվածքը հայկական տարածքում։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանում Անդրկովկասի, Իրանի և Փոքր Ասիայի տնտեսության համեմատական ուսումնասիրության հարթակի համակարգող Արա Քառյանը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանն ու Թուրքմենստանը պայմանավորվում են Կասպից ծովում վիճելի «Դոստլուկ» հանքավայրի շահագործման շուրջ (որի պատճառով երկու երկրների հարաբերությունները երկար ժամանակ լարված էին): Այժմ նախադրյալներ կան, որ թուրքմենական գազը մեծ ծավալներով Եվրոպա կուղղվի գործող խողովակաշարերով՝ հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում), այնուհետեւ՝ Տրանսանատոլիական (TANAP) ու Տրանսադրիատիկական (TAP) գազատարներով:
Քառյանը պարզաբանեց, որ Ադրբեջանը միայնակ գազի եվրոպական շուկայում փոքր խաղացող է, բայց եթե Թուրքմենստանը համաձայնի իր գազն այդ երթուղով ուղարկել, իրավիճակը կփոխվի։
Հիշեցնենք, որ British Petroleum-ի վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանն ունի գազի համաշխարհային պաշարների 19,9 տոկոսը, Ադրբեջանը՝ 1,3 տոկոսը: Բայց եթե թուրքմենական գազը նշված երթուղով անցնի, ապա եվրոպական էներգետիկ շուկան կարող է զգալիորեն փոխվել։ Թուրքմենստանն ունի գազի համաշխարհային պաշարների 7,2%-ը, սակայն առայժմ նրա վաճառքի միակ խոշոր շուկան Չինաստանն է:
«Բնականաբար, քաղաքական տրամադրությունները հիմնականում որոշվում են էներգետիկ հոսքերով, ու դա ուղղակիորեն վերաբերում է Հարավային Կովկասի իրավիճակին», - նշեց Քառյանը:
Նա ընդգծեց, որ այդ պատճառով, եթե Ադրբեջանը շարունակի Արաքսի ափով Նախիջևան գնացող գազատար կառուցել, ապա Հայաստանը, ելնելով սեփական շահերից, կարող է համաձայնել դրան, բայց միայն այն պայմանով, որ ինքը կկառուցի Մեղրիով անցնող իր հատվածը ու ինքը կվերահսկի գազի հոսքը ՀՀ տարածքով:
Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիայի տարանցմանը։ Իրանից Հայաստան և Վրաստան գնացող բարձր լարման գծերը Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցք կստեղծեն։
Փորձագետն ամփոփեց, որ էներգառեսուրսների տարանցումը Հայաստանն ավելի գրավիչ կդարձնի համաշխարհային տերությունների համար, քանի որ դրա հետ կապված զգալի ֆինանսական շահեր կլինեն:
Նշենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ զբաղվում է աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ: Առայժմ նրանք քննարկում են երկաթուղիների ու երկաթուղային հաղորդակցության վերականգնումը։