Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը

2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել Հայաստան– Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախագծերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամությունը՝ աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակման ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը. լավատեսության առիթ կա՞
«Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր, և Եվրամիությունը խրախուսում է և՛ Թուրքիային, և՛ Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,– ասված է խոսնակի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար` երկու երկրների հետ հարաբերություններում։
«2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել այն նախագծերին, որոնք նպատակ ունեն հիմք նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մոսկվայում ավարտվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով 1-ին հանդիպումը
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Թուրք դիվանագետ, ԱՄՆ–ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց:
Մեծ գումարներ` Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու համար, բայց պատերազմը կանխել չստացվեց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։