Երևանն ու Անկարան պայմանավորվել են ապաքաղաքական երկխոսություն վարել. ՌԴ ԱԳՆ

ԱԳՆ
Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են շարունակել ընդհանուր եզրեր գտնել` ի շահ երկու երկրի ժողովուրդների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մոսկվայում հունվարի 14-ին կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են կառուցողական ու ապաքաղաքական երկխոսությունը վարել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը:

«Կողմերը պատրաստակամություն են ցուցաբերել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքական առանցքով, բաց ոգով ու միտված գործնական արդյունքի՝ շարժվելով փոքր քայլերով՝ պարզից բարդի անցնելու ճանապարհով։ Պայմանավորվել են շարունակել ընդհանուր եզրեր գտնել՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Դեռ հունվարի 5–ին հայտարարվել էր, որ Հայաստան–Թուրքիա կարգավորման երկկողմ հարաբերությունների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
Այսօր` հունվարի 14-ին, կեսօրին մոտ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել էին Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպմանը մասնակցելու։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բանակցությունները տևել են մեկուկես ժամ։