Երասխ-Ադրբեջանի սահման հատվածում երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի

Երկաթուղի
Աշխատանքային խմբի ղեկավարը կլինի վարչապետի խորհրդականը, որը եռամսյա պարբերականությամբ տեղեկություններ կներկայացնի կատարած աշխատանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Երկաթուղու Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի։ Այսօր նման որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշվում է, որ աշխատանքային խմբի ղեկավարը կլինի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Խմբում ներգրավված կլինեն նաև ՏԿԵ նախարարությունից, վարչապետի աշխատակազմից ներկայացուցիչներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադ Ասատրյանը և այլ անձինք։

Աշխատանքային խմբի ղեկավարը պետք է եռամսյա պարբերականությամբ վարչապետին տեղեկություններ ներկայացնի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արտաշես Թումանյանը հունվարի 14-17-ը գործուղվել է Մեղրի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սոչիում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ) ու Բրյուսելում (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ երկաթգիծը (որը գոյություն է ունեցել դեռ խորհրդային տարիներին) կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել հայկական ճանապարհահատվածներում շինարարություն սկսելու համար։
Դեկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Sputnik Արմենիային ասաց, որ Հայաստանի տարածքում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հսկողություն իրականացնելու հարց չի քննարկվում։ Նա նշել էր, որ երկաթուղու երկարությունը կկազմի մոտ 340 կմ, որից 45-ը կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով։Դ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանըն էլ ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնեց, որ Երասխ–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարությունը սկսելու հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում։ Երասխ–Ջուլֆա հատվածով բեռներ տեղափոխելու և երթևեկելու համար, ըստ նրա, կպահանջվի 10 ամսից մինչև 1 տարի։