ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովում այսօր միության նախագահ է ընտրվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, փոխնախագահ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատավորների միությունը` շնորհավորելով նորընտիր նախագահին և փոխնախագահին ու մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հիշեցնենք, այսօր մինչ ժողովը լուրեր էին տարածվել, որ մի խումբ դատավորներ պատրաստվում են տապալել միության նախագահի ընտրությունը։
Ազարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքն էլ նման տեղեկություն ունի։ Նա նաև հաստատել էր, որ ցանկանում է դառնալ միության նախագահ, և դատավորների ժողովին մասնակցում է հենց այդ ակնկալիքով։
Բացի Ազարյանից, միության նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել էր դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
«ՀՀ դատավորների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին։ Միության անդամները ՀՀ բոլոր ատյանների դատարանների դատավորներն են։
1997-2003 թվականներին Միության նախագահն էր ՀՀ սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
2003-2017 թվականներին Միության նախագահն էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը։
2017 -2020 թվականներին Միության նախագահն էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Երվանդ Խունդկարյանը: