ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Բաքվի ջարդերի և հայերի նկատմամբ իրականացված մյուս ոճրագործությունների հետևողական ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումը, հայերի նկատմամբ ատելության շարունակական արմատավորումը մինչ օրս էլ Ադրբեջանում պետական քաղաքականություն են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով 32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսված հայերի զանգվածային ջարդերին։
1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվել են հայերի զանգվածային ջարդեր: Հայերի նկատմամբ բռնաճնշումների ալիքը սկսվել էր դեռևս 1988-ից, շարունակվել նաև 1989-ի ընթացքում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990 թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի:
«Ոճրագործությունների ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումն արտահայտվում են նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ատելության խոսքով ու ագրեսիվ քաղաքականությամբ, ինչը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության առանցքային սպառնալիք է»,–նշված է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն հայտնում է, որ այդ ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական: Միաժամանակ, ԱԳՆ–ն վերահաստատում է Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը: