ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով Արագածոտնի ու Սյունիքի մարզպետների դիպլոմների կեղծ լինելու մասին լուրերին, ըստ էության հերքեց դրանք։
«Որևէ կեղծիքի մասին խոսք չկա, ինչո՞ւ եք դուք այդ նյութն այսպես տարածում մեր 2 մարզպետների հետ կապված։ Որևէ մեկի՝ դիպլոմ չանվանենք, այդ փաստաթուղթը ներկայացրած, կեղծ չէ՛։ Խոսքը ուրիշ բանի մասին է, որ այդ բուհը, այդ կազմակերպությունը, որ կոչվում է բարձրագույն ուսումնական հաստատություն՝ հավատարմագրված չէ՛, դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը կեղծ է»,– ասաց Դումանյանը։
Նախարարը պարզաբանեց, որ, քանի որ տվյալ բուհերը հավատարմագրված չեն եղել, դրանց նախկին շրջանավարտներին 2003-2017 թթ–ին հնարավորություն է տրվել հետին թվով պետական նմուշի դիպլոմ ստանալու։ Դրա համար նրանք պետք է պետական ավարտական քննություններ հանձնեին պետական որևէ բուհում։
«Հանգամանքների բերումով, վստահ եմ, հիմա էլ կան մարդիկ, որոնք այն ժամանակ չեն եկել, բայց վաղը կարող է խնդիր ունենան դիպլոմի հետ կապված, այդ պատճառով ուզում ենք հարցին տալ ամբողջական լուծում։ Դուք խոսում եք անձերի մասին, որոնք շատ հարգելի և շատ մեծ ներդրում ունեն։ Պարոն Պետրոսյանից եք դուք խոսում, պարոն Պետրոսյանը կյանքն է դրել մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, դուք այսօր դրել, ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի էդ մարդը, ո՞վ ասաց՝ կեղծ է»,– լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԿԳՄՍ նախարարը։
Հիշեցնենք, լրատվամիջոցներում վերջերս լուրեր տարածվեցին, թե Արագածոտնի ու Սյունիքի մարզպետները բարձրագույն կրթություն չեն ստացել ու դիպլոմներ չունեն։ Բարձրացված աղմուկից հետո մարզպետարանների կայքերում տեղադրվեցին նրանց ավարտական փաստաթղթերի օրինակները։