ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ:
«Անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հայտարարվել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: