ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Մոսկվան լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին սրացմամբ։ Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդներից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով` տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման «հիմնական դեղատոմսը» հայ-ադրբեջանական պետական սահմանի դեմարկացիայի (սահմանազատման) գործընթացի շուտափույթ գործարկումն է՝ հետագայում սահմանագծմամբ:
Սոչիում երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կարևոր է երկկողմ հանձնաժողովի ստեղծումը: Ռուսաստանը պատրաստ է համակողմանի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել։
2022թ.-ի հունվարի 11-ին հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցների արդյունքում մահացու վիրավորում են ստացել շարքային Արթուր Մխիթարյանը (ծնված 2002թ.), Վահան Բաբայանը (ծնված 2003թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը (ծնված 2002թ.): Եվս երկու զինծառայող վիրավորվել է։ Ադրբեջանական կողմը կիրառել է հրետանի և անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի մարզի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։ Սակայն ինժեներական ամրույթների կառուցման համար տեխնիկա գործարկելու նրանց փորձերը կտրուկ հակահարված են ստանում հայկական զինված ուժերի կողմից։
Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր հայելային հետքաշում և այդ հատվածում միջազգային դիտորդների տեղակայում՝ սահմանների հետագա հստակեցման նպատակով:
Առաջարկին մինչ օրս արձագանք չի եղել։