ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Անվտանգության շուրջ շարունակվող բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների մասին հաղորդագրությունները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, այն ի սկզբանե անիմաստ է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե խիստ բացասական ենք գնահատում նման փաստաթղթերի հայտնվելը և նման հայտարարությունները։ Հատկապես շարունակվող բանակցությունների ֆոնին։ Թեկուզ անհաջող, բայց բանակցությունների։ Իհարկե, այդ հայտարարությունների ու բանակցությունների համընկնումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ է, այն ի սկզբանե անիմաստ է»,–լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
Նշենք, որ օրերս իշխող Դեմոկրատական կուսակցությունից սենատորների ներկայացրած օրինագիծն առաջարկում է Ուկրաինայի շուրջ իրադրության սրման դեպքում ցավոտ պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության առանցքային ճյուղերի, պետական պարտքի ու պետության առաջին դեմքերի, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:
Հունվարի 12–ին Բրյուսելում տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Հանդիպումն անցկացվել է որպես հունվարի 9-10-ը Ժնևում կայացած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների շարունակություն: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հաջորդ օրը կոնսուլտացիաներ կանցկացվեն Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության Վիեննայի հարթակում:
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում է արևմտյան գործընկերներից իրավաբանական երաշխիքներ տալ, որ իրենք հրաժարվում են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք, Ուկրաինայի՝ դաշինքին միանալուց ու հետխորհրդային երկրներում ռազմակայանների ստեղծումից: