ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պարզեցնել փոքր և միջին ձեռնարկատերերի կողմից ՀՀ–ից ապրանքների արտահանման գործընթացը։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախարարության առաջարկած փոփոխությամբ նախատեսվում է արտահանողին ազատել պետական տուրքից բոլոր այն դեպքերում, երբ արտահանվող ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 1 մլն ՀՀ դրամը, արտահանումն ամբողջությամբ իրականացվում է 1 ավտոմեքենայով, 1 փոխադրողի կողմից և ստացողը ևս մեկն է։
Այսպիսով, ոչ թանկարժեք ապրանքների արտահանման դեպքում տնտեսվարողները կազատվեն պետտուրքի վճարման պարտականությունից։ Սա, ըստ էկոնոմիկայի նախարարության, կհանգեցնի արտահանողների ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը և տվյալ շուկաներում արտահանողների ավելացմանը:
Նշենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականին ոչ թանկարժեք բեռների արտահանման 4210 գործարք է կատարվել, որոնցից գանձվել է 37.4 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք, 2020 թվականին կատարվել է 6020 գործարք, գանձվել է 28.8 մլն դրամի տուրք։
Ու թեև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխության ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի մուտքերի նվազմանը, բայց ՀՀ կառավարությունը հաստատեց օրենսդրական առաջարկը` ի շահ փոքր ու միջին արտահանողների։ Կառավարության հաստատած օրինագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։