Պատերազմում զոհված զինծառայողների ևս 35 ընտանիքներ ցանկանում են երեխաներ ունենալ

Պետությունն ընդլայնում է վերարտադրողական առողջության ֆինանսավորումը։ Կփոխհատուցվեն նաև փոխնակ մայրերի ու դոնորների ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնլով առաջարկվող նախագիծը, նշեց, որ զոհված զինծառայողների ծնողներին այսօր էլ պետությունը որոշակի աջակցություն տրամադրում է երեխաներ ունենալու նրանց ցանկությունն իրագործելու համար, սակայն այդ աջակցությունն ամբողջովին չի ծածկում վերարտադրողական ծառայության ծախսը։
Երջանիկ բալիկ լինի․ նախարար Անահիտ Ավանեսյանն օրվա խորհրդով շրջել է ծննդատանը
«Չեն ծածկվում փոխնակ մոր, դոնորական ծառայությունների ծախսերը»,– ասաց նախարարը` հավելելով, որ նախագծի անհրաժեշտությունը բխում է նաև վերջին վերլուծությունների արդյունքներից, որոնց համաձայն, Արցախյան պատերազմում որդիներ կորցրած բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ։ Բայց, քանի որ այդ ծառայությունները բավականին թանկ են, նրանք չեն կարողանում իրականացնել իրենց ցանկությունը։
Նախարարի խոսքով, ներկայացված որոշման ընդունումը թույլ կտա ամբողջությամբ ծածկել այդ ընտանիքների ծախսերը։
«Մասնավորապես` փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 5.5 մլն դրամը, և դոնորական ժառայության համար նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 600 000 դրամը»,– ասաց Նարեկ Մկրտչյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ հարցին անդրադարձել է իր ամանորյա ուղերձում։
Նրանք երեխային վերցրին, ես էլ ծննդաբերեցի ու մոռացա. ի՞նչ գիտենք փոխնակ մայրության մասին
«Մենք մեր շփումներում անընդհատ այդ ազդակն ստացել ենք, որ կա ակնկալիք, որ կառավարությունն այսպիսի հարցեր լուծի»,– ասաց նա։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ նախարարությունը 35 նոր դիմում է ստացել զոհերի ընտանիքներից, ովքեր սպասում են այս որոշման ընդունմանը` երեխա ունենալու իրենց ցանկությունն իրագործելու համար։ Ավանեսյանի խոսքով, ավելացվող ֆինանսավորումն ամբողջովին կծածկի անհրաժեշտ ծառայությունների ողջ ծախսը։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից 27-ի մայրերն արդեն իսկ վերարտադրողական բժշկության ծրագրի շնորհիվ 2022 թվականին կրկին երեխա կունենան։
Ի դեպ, վերարտադրողական առողջության ծրագրի արդյունքները ոչ միայն զոհված զինծառայողների ընտանիքներում, այլև ՀՀ այլ քաղաքացիների շրջանում մեծ պահանջարկ է վայելում։ Միայն 2021թ–ին ծրագրի շնորհիվ Հայաստանում 76 երեխա է ծնվել, ևս 211 մայրեր ներկա պահին հղի են։