ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը ցույց տվեց, որ պայմանագրի երկրների զինծառայողները կարող են ամենակարճ ժամանակում ցանկացած խնդիր լուծել: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ առաքելության ավարտին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ նման կարծիք է հայտնել առաքելության ղեկավար, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Անդրեյ Սերդյուկովը:
«Մեկ անգամ չէ, որ մենք գործնականում ապացուցել ենք, որ միասնական ուժ ենք, որը կարող է համատեղ լուծել ամենաբարդ խնդիրները։ Այսօր էլ, շարքում կանգնած զինծառայողներն ուս ուսի կանգնել են եղբայրական ղազախ ժողովրդի պաշտպանության համար՝ թույլ չտալով հանցավոր և ահաբեկչական խմբավորումներին ոտնձգություն կատարել Ղազախստանի Սահմանադրական կարգի և ամբողջականության վրա», — ասել է Սերդյուկովը։
Նա ավելացրել է, որ խաղաղապահները կարճ ժամանակահատվածում կարողացել են ապահովել քաղաքացիների անվտանգությունը, օգնել կայունացնել իրավիճակն ու ապահովել կենսական նշանակության օբյեկտների անխափան աշխատանքը:
Սերդյուկովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին հստակ ու վճռական գործողությունների համար և ասել, որ երախտապարտ է Ղազախստանի պաշտպանության նախարարությանը բազմազգ խաղաղապահ զորակազմի կյանքի ու կենցաղի ապահովման գործում աջակցության համար:
«Ոչ մի ժողովրդի էլ պատերազմ պետք չէ։ Խնդիրներ կատարելիս՝ մենք հասարակ մարդկանց աչքերում անկեղծություն և բարյացակամություն ենք տեսել, բազմիցս խաղաղապահների հասցեին երախտագիտության խոսքեր ենք լսել։ Սա լավագույն պարգևն է յուրաքանչյուր զինծառայողի քրտնաջան աշխատանքի համար», - ավելացրել է գեներալը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հայտարարվել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: