Պատերազմը ցույց տվեց, որ տեղեկատվական հարձակումները ռազմական գործողությունների ընթացքի վրա կարող են ունենալ լրջագույն հետևանքներ ` սկսած տեղեկատվական արտահոսքից, մարդկանց անձնական տվյալների գաղտնազերծումից, վերջացրած տարբեր նախարարություններից տեղեկատվության արտահոսքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Կիբեռհարձակումները թույլ էին տալիս թիրախավորել զինվորների հարազատներին և նրանց հոգեբանական ճնշման ենթարկել, որովհետև իրենք հստակ գիտեին, թե ով ում հետ ինչ կապ ունի։ Հարձակումներ եղան նաև կրիտիկական ենթակառուցվածքների վրա, ամենավառ օրինակը «Ղարաբաղ-Տելեկոմի» ցանցի վրա հարձակումն էր, որը նաև ռազմավարական կարևորություն ուներ և մի քանի օր չաշխատեց»,- նշեց նա։
Մարտիրոսյանի խոսքով` ճիշտ է` հիմա մարդկանց զգոնությունը փոքր-ինչ աճել է, սակայն պատերազմող երկրում որքան էլ մարդիկ տեղեկացված լինեն, միևնույնն է` բավարար չէ թշնամու թիրախում չհայտնվելու համար, չէ՞ որ թշնամին էլ իր մեթոդաբանությունն ու մարտավարությունն է անընդհատ փոփոխում։
Բացի այդ, հնարավոր չէ հասարակության բոլոր շերտերից պահանջել մեդիագրագետ լինել կամ թշնամական հաքերային հարձակումներից խուսափելու մանրամասներին տիրապետել։ Փորձագետը կարծում է, որ կիբեռանվտանգության կայունության համար հարկավոր է պետական աջակցություն, իսկ այդ հարցում պետությունը դանդաղ է շտապում, ասես մեր երկրում պատերազմ չի եղել։
«Մենք առայսօր չունենք կիբեռանվտանգության կենտրոն, որը պետք է զբաղվի գլոբալ հարցերով, չունենք թվային անվտանգության ստանդարտներ, որպեսզի դրանք ներմուծվեն, չունենք կրիտիկական ենթակառուցվածքների մասին օրենք, որ ոչ պետական կառույցներն ինչ-որ ձևով վերահսկվեն, աուդիտ անցնեն»,- ընդգծեց Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետը նշեց, որ կիբեռանվտանգության ռազմավարության վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումը դեռ միայն թղթի վրա է, և եթե նույնիսկ կիբեռանվտանգության կենտրոն ստեղծվի, անհրաժեշտ ստանդարտները ներմուծվեն, մեզ շատ երկար ժամանակ է պետք այդ ամենը հունի մեջ գցելու համար։ Այնպես որ շտապել է պետք։