Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը, որոնք առաքելություն էին իրականացնում Ղազախստանում, սկսել են տուն վերադառնալ:
Խաղաղապահների տեղափոխումը կատարվում է ռուսական Իլ-76 ինքնաթիռներով։
Կադրերում երևում է` ինչպես են ռուս զինծառայողները Ալմաթիից մեկնում հայրենիք: Փոխադրումն իրականացվում է 4 ինքնաթիռով։ Խաղաղապահները կմեկնեն մշտական տեղակայման վայր՝ Իվանովոյի մարզ։
ՀԱՊԿ-ի մյուս խաղաղապահներն իրենց երկրներ կվերադառնան 10 օրվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ Ղազախստանում իրենց առաքելությունն են իրականացրել ավելի քան երկու հազար խաղաղապահներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հայտարարվել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: