ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Ալաշկերտը» նոր մարզիչ ունի։ ֆուտբոլային ակումբի ֆեսյբուքյան էջում արված գրառումից տեղեկանում ենք, որ «Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։
««Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին հանդիսանում էր ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչը։ Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը»,–նշված է գրառման մեջ։
46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 ընկած ժամանակահատվածում։ Ոսկանյանն աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։
Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։ Ակումբը նախապատրաստական և տրանսֆերային ծրագրերի մասին կտեղեկացնի առաջիկայում։