Անհնար չէ. դատախազության ներկայացուցիչը` արտերկրում տարած ակտիվները երկիր բերելու մասին

ՀՀ դատախզություն. Արխիվային լուսանկար
Գլխավոր դատախազության ավագ դատախազը հայտնեց, որ հիմա որոշ դեպքերում խնդիրներ կան ոմանց դրսում գտնվող ակտիվների ծավալը պարզելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կան դեպքեր, որ Հայաստանից դուրս են գտնվում ակտիվները։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը։

«Ակտիվները, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, շատ ավելի բարդ գործընթաց են ենթադրում ՀՀ բերելու համար։ Դրսի հետ կապված հարցերը կարգավորելն ավելի բարդ է, քան Հայաստանի պարագայում, բայց դա չի նշանակում, որ անհնար է։ Ամեն դեպքում, երբ գործ ենք ունենում դրսում գտնվող ակտիվների հետ, միջազգային պայմանագրերի շրջանակներում հարցումներ ենք ուղարկում գործընկեր իրավապահներին»,–ասաց Ամիրյանը։

Նրա խոսքով` դատախազությունը ձեռքի տակ եղած գործիքակազմն իրականացնում է, որպեսզի նախ բացահայտեն ՀՀ–ից դուրս գտնվող ակտիվները, ինչպես նաև փորձեն դրանց վրա արգելանք դնել և վերադարձնել։
Հարցին, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեպքերում շա՞տ են բախվել նման խնդրի, երբ ակտիվները դրսում են եղել, Ամիրյանը պատասխանեց, որ որոշ տվյալներ ունեն, սակայն քանակական տվյալներ չի կարող ասել։ Նա հավելեց` հիմա կան իրավիճակներ, երբ կոնկրետ դեպքերով խնդիր ունեն պարզելու Հայաստանից դուրս տարված ակտիվների ծավալները։
ԱԱԾ նախկին պաշտոնյայի ապօրինի ծագման գույքը կբռնագանձնվի․ դատախազությունը դիմել է դատարան
Հիշեցնենք, որ դեռ 2020-ի մայիսին իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանից գողացված ակտիվների մի մեծ մաս դուրս է բերել երկրից։ Դրանից հետո իշխանության այլ ներկայացուցիչներ նույնպես նման հայտարարություններ արեցին։