Ալմաթիի օդանավակայանն ընդունել է անկարգություններից հետո առաջին միջազգային չվերթը

Ալմաթիի օդանավակայանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն է կայացել Ղազախստան այդ երկրում անկարգություններ սկսելուց հետո. Ալմաթիի օդանավակայան է ժամանել քաղաքացիական ինքնաթիռ թուրքական Անթալիայից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ղազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ հունվարի 13-ին պլանավորում է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի և Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները:
Ալմաթիում պարետային ժամ գործելու կապակցությամբ օդանավակայանը կաշխատի ժամը 08:00-ից մինչև 21:00-ն։
Ռուսաստանյան «Աերոֆլոտ» ավիաընկերությունն էլ հայտնել էր, որ ամենօրյա չվերթերը Մոսկվայի և Ալմաթիի միջև կվերսկսվեն հունվարի 14-ից:
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ինչպես են հայ խաղաղապահներն Ալմաթիում օգնում վերադառնալ կյանքի բնականոն հունի
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։