Ո՞վ է գուշակելու «Արարատ» անունով հանելուկը, կամ ինչու հեռացավ Վարդան Բիչախչյանը

Sputnik
Հիմնականում մարզիչները հեռանում են, երբ թիմը կա՛մ վատ արդյունքներ է ունենում, կա՛մ մարզչի ու ակումբի ղեկավարության միջև տարաձայնություններ են առաջանում։ Բայց միշտ չէ, որ հիմնական պատճառները պաշտոնապես բարձրաձայնվում են։ Իսկ ինչո՞ւ հեռացավ Վարդան Բիչախչյանը «Արարատից», երբ թիմը վերելք էր ապրում։
2022 թվականի ֆուտբոլային առաջին կարևոր նորությունը Հայաստանի Պրեմիեր լիգայում Վարդան Բիչախչյանի հրաժարականն է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից։
2020 թվականի ամռանը Վարդան Բիչախչյանը, որը երկար տարիներ մեծ հաջողությամբ մարզել էր իր հարազատ «Շիրակը» և Գյումրիի թիմի հետ հասել տպավորիչ հաջողությունների, իր օգնականներ Ֆելիքս Խոջոյանի ու Արթուր Հովհաննիսյանի հետ տեղափոխվեց Երևանի «Արարատ»։ Այնուհետև «Արարատ» տեղափոխվեցին «Շիրակի» կազմում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ։ Դա դրական անդրադարձավ «Արարատի» համար, բայց մեծ հարված հասցրեց «Շիրակին»։ «Արարատը» բնականաբար ուժեղացավ ու դարձավ Հայաստանի չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկը, իսկ «Շիրակը» հետագայում հրաժարվեց հանդես գալ Պրեմիեր լիգայում՝ տեղափոխվելով Առաջին խումբ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի
Վարդան Բիչախչյանի տեղափոխությունը «Արարատ» պարզ էր, որ ուղղված է լինելու հայկական ֆուտբոլի ամենահայտնի ակումբի՝ «Արարատի» վերելքն ապահովելուն ու նոր տիտղոսներ նվաճելուն։ Եվ «Արարատը», 13 տարվա ընդմիջումից հետո, դարձավ Հայաստանի գավաթակիր: Ընթացիկ մրցաշրջանում էլ «Արարատը» եզրափակում է լավագույն եռյակը և չեմպիոնական մրցավազքի արժանի մրցակից է մյուս հավակնորդների համար։ Այսինքն արդյունքների վատ լինելու մասին խոսք լինել չի կարող, մարզիչ-ակումբ հարաբերություններում երբեք ոչ մի կողմ չի խոսել տարաձայնությունների մասին։ Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ «Արարատը» շնորհակալություն է հայտնում իր գլխավոր մարզչին ու շատ հանգիստ բաժանվում նրանից։
Սկսած 2021 թվականի վերջին մի քանի ամիսներից՝ ոչ պաշտոնական տեղեկություններ էին շրջանառվում «Արարատի» ֆինանսական խնդիրների մասին։ Խոսում էին, որ թիմը մի քանի ամիս աշխատավարձ չի ստացել։ Բայց ֆուտբոլիստներն ու ակումբի պաշտոնական լրահոսը հերքում էին դա։ Բացի այդ էլ «Արարատը» շարունակում էր միավորներ վաստակել, ու առաջնության աշնանային հատվածի վերջին երկու տուրերում թիմը նույնքան հաղթանակ տոնեց՝ երկու խաղերում խփելով ութ գնդակ։
«Իմ ժամանակը նույնպես եկավ…». Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան
Առաջին անգամ չէ, որ «Արարատի» ղեկավարությունը շատ հեշտությամբ ջուրն է գցում մեծ դժվարությամբ ձեռք բերվածը։ 2013/14 մրցաշրջանի աշնանային հատվածից հետո «Արարատը» առաջնության բացահայտ առաջատարն էր, չեմպիոնության գլխավոր հավակնորդը և իր գլխավոր հետապնդող թիմից՝ «Շիրակից» ութ միավոր ավել էր վաստակել։ Բայց թիմից անհայտ պատճառներով հեռացավ Աբրահամ Խաշմանյանը, իսկ «Արարատը» այդ մրցաշրջանում մրցանակային եռյակ էլ չմտավ։ Այդ մրցաշրջանում չեմպիոն դարձավ «Բանանցը», որը աշնանային հատվածից հետո «Արարատից» 12 միավոր պակաս էր վաստակել։ Նման օրինակներ «Արարատում», ցավոք, եղել են ոչ մեկ անգամ։
Տպավորություն է ստեղծվում, ու «Արարատ» ակումբի ղեկավարները չեն ուզում, որպեսզի իրենց թիմը հասնի մեծ հաջողությունների Հայաստանի առաջնությունում։ Ու ոչ միայն չեն ուզում, այլ ամեն ինչ անում են, որ «Արարատը» առաջնության վերջնական արդյունքներով տեղ չգտնի աղյուսակի վերին հորիզոնականներում։
Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Նոա» ակումբից
Միգուցե մենք շտապում ենք, ու Վարդան Բիչախչյանի հեռանալուց հետո, նոր մարզչի գլխավորությամբ, «Արարատը» կշարունակի պայքարել մրցանակային տեղերի համար։ Բայց միևնույնն է, արդարացում կամ ֆուտբոլային բացատրություն չկա, թե ինչո՞ւ է հեռանում հաջողակ ու փարձառու մարզիչը իր օգնականներով մի թիմից, որը գտնվելով բարձունքում՝ ինքն իր համար խնդիրներ է ստեղծում։ Կամ էլ կան խնդիրներ, որոնք չեն ներկայացվում հանրությանը, ու այս պահվածքի բացատրությունն Արարատ սարի հետևում է։