ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Ռուսաստանի միջև լուրջ տարաձայնություններ կան, դրանք հեշտ չէ հաղթահարել, բայց կարևոր էր երկխոսություն սկսել։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Բրյուսելում ավարտված Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստը:
Որպես գլխավոր ձեռքբերում Ստոլտենբերգը նշել է Մոսկվայում և Բրյուսելում իրենց առաքելությունների աշխատանքը վերականգնելու` Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մտադրությունը: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել հրթիռների նկատմամբ փոխադարձ սահմանափակումը և միջուկային քաղաքականության հարցը:
Հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է կրկին բացել իր ներկայացուցչությունը Մոսկվայում և նախապայմաններ չի ներկայացնում Բրյուսելում ռուսական առաքելության աշխատանքի վերականգնման համար:
«Դժվար քննարկում էր, բայց հենց այդ պատճառով էլ այդ հանդիպումն այդքան կարևոր էր»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Ռուսաստանի միջև լուրջ հակասություններ կան այդ հարցերի շուրջ։ Ստոլտենբերգն ասել է, որ հակասությունները հեշտ չի լինելու հաղթահարել, սակայն դրական նշանն այն է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները և Ռուսաստանը նստել են մեկ սեղանի շուրջ և քննարկել ըստ էության հարցեր։
Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում ի թիվս այլ հարցերի քննարկվել է Ուկրաինան՝ միաժամանակ մատնանշելով կողմերի միջև առկա լուրջ տարաձայնությունները: ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասնական են այն բանում, որ ՌԴ-ն չի կարող վետո դնել Ուկրաինայի` դաշինքին անդամակցությանը և պատրաստ են աջակցել Կիևին: Ընդ որում, նա նշել է, որ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության երաշխիքները չեն տարածվում Ուկրաինայի վրա:
«Բոլոր անդամները միակարծիք են այն հարցում, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ընտրել իր ճանապարհը։ Դաշնակիցները նաև համաձայն են, որ միայն Ուկրաինան և դաշինքի 30 դաշնակից կարող են որոշել, թե երբ Ուկրաինան պատրաստ կլինի դառնալ ՆԱՏՕ–ի անդամ»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ Ուկրաինան չի կարող սպառնալիք լինել Ռուսաստանի՝ հզոր միջուկային տերության համար։