Պատերազմում զոհված զինծառայողներից 27–ի ընտանիքում 2022 թվականին համալրում է սպասվում

Հղի կին. Արխիվային լուսանկար
Պետությունը ֆինանսավորում է զոհված զինծառայողների մայրերի համար վերարտադրողական բժշկությունը՝ առանց որևէ սահմանափակումների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արցախյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից 27–ի մայրերը վերարտադրողական բժշկության ծրագրի շնորհիվ 2022 թվականին կրկին երեխա կունենան։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«Զոհված զինծառայողների մայրերից 2–ն արդեն ծննդաբերել են, 27-ն էլ հղի են։ Շուրջ 200 շահառու դիմել է այդ ծրագրով»,– նշեց Փաշայանը և հավելեց, որ պետությունը ֆինանսավորում է զոհված զինծառայողների մայրերի համար վերարտադրողական բժշկությունը՝ առանց որևէ սահմանափակումների։

Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ նշեց, որ վերարտադրողական բժշկության բուժական գործընթացները միշտ երկար են տևում` միջինում 1.5 տարի։
«Մեզ այսօր ակտիվ կերպով դիմում են զոհված զինծառայողների ծնողները, ովքեր բավականին ծանր խումբ են։ Նրանք պահանջում են հատուկ բուժական, դիագնոստիկ և հոգեբանական մոտեցումներ։ Այդ կանայք բավականին մեծ խնդիրներ ունեն, անգամ 2 հոգու մոտ քաղցկեղ ենք հայտնաբերել, բարեբախտաբար վաղ ստադիայում»,– ասաց Համբարձումյանը։
Նա ընդգծեց, որ իրենք դեռևս ակնկալիքներ ունեն և ծրագիրն ավարտված չէ։ Զոհված զինծառայողների մայրերից 25-26 տոկոսն արդեն հղիացել է, իսկ 50 տոկոսից ավելին դեռ շարունակելու է ծրագրի շահառու մնալ։
Սուրբծննդյան նվերը․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը
Անդրադառնալով Հայաստանում անպտղության հաղթահարման ծրագրին` Փաշայանը շեշտեց, որ 2021 թվականին զգալի արդյունքներ են գրանցվել և տարին բավականին բարենպաստ է եղել։
«Դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնվել է 76 երեխա ու արձանագրվել է 211 հղիություն։ Սա կապված է նաև նրա հետ, որ գրեթե 2 անգամով ավելացել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն ի սկզբանե մեծ է եղել, և միայն նախորդ տարվա ընթացքում սպասարկել ենք 857 շահառուի»,– նշեց Փաշայանը։
Հիշեցնենք, որ Անպտղության բուժման և հաղթահարման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։ Ծրագրից կարող է օգտվել 5 խումբ. այն ընտանիքները, որտեղ զույգերից մեկն ունի հաշմանդամություն կամ զույգերից մեկը զինծառայող է, անապահովության 28 և ավելի միավոր ունեցող ընտանիքները, սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներն ու զոհված զինծառայողների ծնողները (վերջիններս կարող են դիմել մինչև 42 տարեկան):
Բարի լուր. անցած տարում «Էրեբունի» ԲԿ–ում ծնվել է 5400 երեխա
Ի դեպ, 2020-ին ընդայլնվել է սահմանամերձ բնակավայրերի ցանկը: Եթե մինչև այդ այս ծառայություններից ընդամենը 38 համայնքի բնակիչ կարող էր օգտվել, 2020 թվականի փոփոխությամբ համայնքները դարձան 184-ը: