Նոր հակառեկորդ․ ԱՀԿ-ն թարմացրել է աշխարհում COVID-ի դեպքերի թիվը

Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի թվի աճը տեղի է ունենում «օմիկրոն» շտամի սրընթաց տարածման ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 15 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսային վարակով, այդպիսի տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի փորձագետները նշում են, որ սա նոր հակառեկորդ է համավարակի ամբողջ ընթացքում:
«COVID-ով վարակվելու լաբորատոր հաստատված դեպքերի թիվը նախորդ յոթ օրերի համեմատությամբ աճել է ավելի քան կիսով չափ՝ 55 տոկոսով»,-ասվում է անցած գիշեր ԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։
Կազմակերպությունում առանձին մտահոգություն են առաջացրել կորոնավիրուսային վարակից մահվան դեպքերի ավելացման մասին տվյալները․ մահացու ելքերի թիվն ավելացել է 3 տոկոսով։

Մեծ թվեր

Նշելով ամբողջ աշխարհում հիվանդացության դեպքերի թվի արագ աճը, ԱՀԿ-ն արձանագրում է, որ COVID-ով հիվանդացության թվերը հատկապես բարձր են Հարավ-Արևելյան Ասիայում և Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Սական վարակվածների թվի աճ գրանցվել է նաև Եվրոպայում (31 տոկոսով), ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայի երկրներում (78 տոկոսով)։
Իսկ Աֆրիկայում զգալիորեն ավելացել է մեկ շաբաթում մահերի թիվը՝ նախորդ յոթ օրվա համեմատ 84 տոկոսով։

COVID-ի ընդհանուր տվյալները

Ընդամենը անցած շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ում հաղորդումներ են ստացվել կորոնավիրուսով վարակման 15 154 666 հայտնաբերված դեպքի և COVID-19-ի հետևանքով 43 461 մահացածի մասին, ինչը համապատասխանաբար 55 տոկոսով և 3 տոկոսով ավելի է դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 2-ն ընկած շաբաթվա տվյալներից:
Ամեն ինչում մեղավոր են մկները․գիտնականներն առաջ են քաշել «Օմիկրոնի» առաջացման նոր վարկած
Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շարունակվում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի արագ տարածումը, մինչդեռ նախկինում մոլորակում գերիշխող «դելտա» տարբերակը կորցնում է դիրքերը:

ԱՀԿ-ի կանխատեսումները

Ինչպես նախօրեին հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն, Եվրոպայի բնակչության կեսից ավելին առաջիկա 6-8 շաբաթներին վարակվելու է «օմիկրոնով»:
Դրա հետ մեկտեղ Կլյուգեն ընդգծել է, որ պատվաստանյութերը շարունակում են գործել և լավ պաշտպանություն ապահովել վարակի ծանր ձևերի և մահացու ելքերի դեմ:
«Օմիկրոն» շտամի արագ տարածման ֆոնին ԱՀԿ-ի եվրոպական բյուրոյի ղեկավարը երկրներին կոչ է արել պատրաստ լինել «անկանխատեսելի հանգամանքների»: