ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժեշտ կտա պաշտոնին։ Հարցն ընդգրկված է վաղը կայանալիք կառավարության նիստի օրակարգ չզեկուցվող հարցերի թվում։
Չզեկուցվող հարցերի շարքում է նաև նոր մարզպետի նշանակումը. նշվում է, որ Արարատի մարզպետ կնշանակվի Սեդրակ Թևոնյանը։ Նա, ի դեպ, Արարատի ներկայիս մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին է։
Ի դեպ, անկուսակցական Սեդրակ Թևոնյանը ընթացիկ տարվա հունվարի 4-ին պատգամավորի մանտադից (ՔՊ) հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետ է նշանակվել 2020-ի դեկտեմբերի 10-ին կայացած կառավարության նիստում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ռազմիկ Թևոնյանն անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին հրաժարվել էր մարզպետի պաշտոնից, բայց մի քանի օր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:
Սեդրակ Թևոնյանը ծնվել է 1990թ. փետրվարի 16-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում: 2011թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն ֆակուլտետը՝ ստանալով տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրի աստիճան «խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտությամբ:
ԱԺ կայքում նշվում է, որ նա 2011 թվականից զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության և այգեգործության ոլորտում:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2021-ի հունիսի 20-ի ընտրություններին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՔՊ–ից։