Երևանյան հացի հերթերում բոլորը մերոնքական էին, կամ սերունդների գենետիկ կապն անհնար է ջնջել

Երևանը 90-ականների սկզբին. Արխիվային լուսանկար
Տարօրինակ, բայց գոյություն ունեցող մի միտք կա․ մեզ մոտ «մենք» և «նրանք» հասկացությունները կան ոչ այն պատճառով, որ իշխանությանն այդպես է պետք, այլև այն պատճառով, որ այսօր նստած ենք տաքուկ սրճարաններում, իսկ այն ժամանակ սառում էինք հացի հերթերում։
Sputnik
Պարզվում է՝ բոլորին բաժին հասած դժվարությունները միավորում են և թույլ չեն տալիս առանձին-առանձին գործել։ Սակայն խոսքը միայն այդ մասին չէ։
Մյուս կողմից` այսօր էր Շվեյցարիայի նման չենք ապրում, բայց միասնականություն, չգիտես ինչու, չկա...

Առանց սուրճի հնարավոր է ապրել, առանց հացի՝ ոչ մի կերպ։ Առանձին-առանձին գոյատևել նույնպես հնարավոր է, բայց երբ բոլորը կողքիդ են, շատ ավելի հեշտ է։ Այն երևանյան հերթերում, որոնք արդեն հիշողություն են դարձել, բոլորը «մերոնք» էին, թեև ոչ բոլորն էին միանման։

Եթե իհարկե չենք խոսում արտաքին տեսքի մասին՝ մաշված, քրքրված, երբեմն՝ ուղղակի խղճալի։ Ոչ ոք դրանից չէր նեղվում, երես չէր թեքում. ինչպիսին կյանքն էր, այդպիսին էլ՝ մեր տեսքը։ Մի ժողովուրդ (տվյալ դեպքում՝ երևանյան)՝ մի ցավ, վերապրելու և գոյատևելու մի հույս։ Ստացվեց։
Ինձ համար դժվար է պատկերացնել, որ մեր օրերում ճանաչված մարդիկ՝ քաղաքական գործիչները, նախարարները, խոշոր ընկերությունների և կազմակերպությունների թոփ-մենեջերները, էլ չասեմ` արվեստի աշխարհի հայտնիները, ժամանակի մեքենայով այն քարուքանդ, սովի ու ցրտի տարիները վերադառնային, կկարողանայի՞ն այդպիսի հեշտությամբ ամբողջի մաս դառնալ։ Տվյալ դեպքում՝ ժողովրդի մի մասը։ Իսկ չէ՞ որ 90-ականներին դարձան։
Ժամանակից առաջ ընկած հայ նախարարն ու 9–ամյա աղջիկը․ հրաշամանուկնե՞րն են ապագա կերտելու
Ներողություն եմ խնդրում ներկայիս գիտությունների թեկնածուներից և դոկտորներից, պրոֆեսորներից, դոցենտներից, որոնք երբեմն գիտությունը համատեղում են քաղաքականության հետ։ Ոչ թե նրանց կշտամբելու, այլ մեզ օրինակ ծառայելու համար կպատմեմ Ալբերտ Շարուրյանի մասին։
Շարուրյանը Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր էր, բանասիրական գիտությունների դոկտոր, միջնադարյան հայ պոեզիայի գիտակ, աչքի էր ընկնում իր ազնվությամբ։
Քիչ էր մնում ասեի «բարձր ազնվությամբ», թեև ազնվությունը միջակություն չի հանդուրժում։ Այն կա՛մ կա, կա՛մ չկա՝ այդպիսին է այդ նուրբ, գրեթե ցնորական երևույթի բնույթը։
Ինչպե՞ս է արտահայտվում ազնվության գոյությունը։ Մարդը կարող է վստահ լինել, որ իրեն չեն խաբի, չեն փորձի «ուղեղը լվանալ», անհնարինը չեն խոստանա, զրույցի ընթացքում աչքերը չեն փախցնի և ցանկալին իրականության տեղ չեն մատուցի։
Ազնվությունն անշնորհքություն ու բռիություն չի հանդուրժում ինչպես իր, այնպես էլ՝ ուրիշների նկատմամբ։
Չյուրացված դասերի երկիրը, կամ արդյո՞ք կարող է հայ վարսավիրը միլիոնատեր դառնալ ԱՄՆ-ում
-Տեսե՞լ ես, թե ինչպես էր կրթության և մնացած ամեն ինչի նախկին նախարարը խոսում բուհերի դեկանների, ամբիոնի վարիչների հետ,-մի անգամ ինձ հարցրեց Դուբնայից գիտնական-ֆիզիկոս Սերգեյ Գևորգյանը։
-Նայում էի ու չէի հասկանում, թե ինչու են մեր պրոֆեսորները հանդուրժում այդ գոռոզությունը, ինչու չեն շխկացնում նախարարի աշխատասենյակի դուռը։
...Շարուրյանի հետ մտերմացանք Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկում գտնվող հացի խանութի դռների մոտ, որտեղ վաղ առավոտից հերթ էին կանգնում մոտակա շենքերի բնակիչները։ Արտաքնապես Վիլյամ Սարոյանին հիշեցնող այդ մարդու առանձնահատկությունն արտահայտվում էր նրանում, որ հանապազօրյայի սպասման սահմանափակ տարածքում անհասկանալի կերպով ու ապշեցուցիչ արագությամբ հաստատվում էր զիջողության, փոխըմբռնման և համընդհանուր բարյացակամության մթնոլորտ։ Եվ դա՝ այն խստաշունչ տարիներին։

Սկզբում թվում էր, թե պատճառը պրոֆեսոր Շարուրյանի ճանաչված լինելն է սեփական միկրոտարածքում, որտեղ նա ապրել էր մի քանի տասնամյակ, և որտեղ նրան բոլորը գիտեին։ Բայց երբեմն, հացի լրացուցիչ օրաբաժնի որոնումներում, մենք դուրս էինք գալիս մեր արեալի շրջանակներից, և ի՞նչ։ Եվ՝ նույնը։

Ձևափոխելով Իոսիֆ Բրոդսկու մասին ասվածը՝ մարդու մոտ ազնվության առկայությունը կարելի է բնորոշել այսպես․ «Նա էական մի բան ուներ։ Իր բոլոր թերությունների հետ միասին նա ինչ-որ այնպիսի բան ուներ, որը նրան դարձնում էր այն մի բանի անվիճելի տերը՝ այն բանի, որն անվիճելիորեն ուներ»։ Խուճուճ է հնչում, բայց մտածելու տեղիք է տալիս։
Բանն այն է, որ Շարուրյանի ազնվությունը ոչ թե դեպքից դեպք էր արտահայտվում, ոչ թե մեկանգամյա ակցիա էր, այն ինքնաբուխ էր, մշտապես կար և արտահայտվեց ամբողջ կյանքի ընթացքում։ Մեծ հարցերում և փոքր հարցերում, թեև դրանց սահմաններն այստեղ լղոզված են։
Մարշալ Ախրոմեևը, օրինակ, կախվելուց առաջ մտել էր բուֆետապանի մոտ և վճարել ամբողջ պարտքը։ Մե՞ծ հարց է, թե՞ փոքր։
Ինչպես Գրիգոր Նարեկացին օգնեց ողջ մնալ երևանցիներին
...Որպես համալսարանական նախաձեռնող-ազատախոհների շրջանի մտավորական, Շարուրյանն ուղղակի պարտավոր էր վատաբանել խորհրդային անցյալը, խորը ազգայնականության մեջ ընկնել, որպեսզի հետո, հնարավորինս խնամքով դուրս գար դրանից։ Այդպես չեղավ, փառք Աստծո...
-Ինչի՞ մասին ես գրում,-հարցրի նրան հայկական սառցակալած, անլույս ու անհաց մի օր։
-Մեծարենցի։
-Ինչի՞ համար,-հետաքրքրվեցի ես` ձեռքերով ցույց տալով շրջակա գաղջը։
Նա բացատրեց․
-Որովհետև մեր մեծերը մոռացվում են. Մեծարենցը, Ֆրիկը, Վարուժանը, Հովնաթանյանը... բայց չպետք է մոռացվեն։ Այ, գիրքը լույս կտեսնի, մարդկանց աչքով կընկնի՝ հիշելու առիթ է։ Ես հո փող չեմ ուզում սրա համար։
Թե ինչպես դեսպան Թովմասյանը թթի օղի խմել սովորեցրեց Վիետնամի նախագահին
Գիրքը լույս տեսավ, հրատարակման գումարը կաթողիկոսը տվեց, հոնորարի մասին խոսք անգամ չկար։
...Երևանը փոխվում է ոչ միայն արտաքնապես, այլև ըստ էության։ Էությունը վաղեմի, իսկական երևանցիներն են։ Այդ մարդիկ հեռանում են. անաղմուկ, ինչպես ծառից ընկնող տերևներ։ Երևանից ևս մեկ ազնիվ մարդ պակասեց։ Ամեն մեկի դեպքում ցավոտ է, ընդհանուր առմամբ՝ անխուսափելի, բայց և անհույս չէ, քանի որ սերունդների գենետիկ կապն անհնար է ջնջել...