ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկը դարձել է ահաբեկիչների կողմից տեղի ջրատարի թունավորումը թույլ չտալը: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ զինվորականները հսկողության տակ են վերցրել առանցքային ենթակառուցվածքային օբյեկտը, որպեսզի ծայրահեղականները չփորձեն թունավորել ջուրը ։
«Ջրատարը ռազմավարական օբյեկտ է, և ջուրը թունավորելու տեսական սպառնալիք կար», - նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի գործարանը, որը հաց է մատակարարում ամբողջ քաղաքին:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։