ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում կեսգիշերին ևս մեկ հայ զինծառայողի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ երեկվա գործողությունները դադարեցվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ։
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 2 զոհ և 2 վիրավոր։