ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել. բոլոր պետական մարմիններում, երբ ղեկավար է փոխվում, նաև որոշակի կադրային փոփոխություններ են լինում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Պապիկյանը յուրայիններին է աշխատանքի տեղավորում նախարարությունում։
«Եթե հետևենք լրատվությանը, ապա լուրջ կադրային ջարդ է տեղի ունենում նախարարությունում, սակայն իրականում որևէ խնդիր չկա, և մի քանի փոփոխությունները կադրային ջարդ անվանել չի կարելի»,–ասաց Սարգսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Պապիկյանն իր օգնական է նշանակել 21-ամյա Մանե Մարկոսյանին, որին 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, և ի՞նչ հարցերում է օգնելու նախարարին 21-ամյա աղջիկը, երբ զինվորական գիտելիքներ էլ չունի։ Ի պատասխան Սարգսյանը նշեց, թե ի՞նչ նշանակություն ունի այս ամենը։ «Պաշտպանության նախարարի օգնականի` զինվորական գիտելիքներ չունենալը որևէ խնդիր չի կարող ստեղծել»,–ասաց փոխնախարարը։
Նկատառմանը, թե զինվորական գիտելիքներից բացի, 21 տարեկանը կյանքի ի՞նչ փորձ պետք է ունենա, որ նախարարին օգնի, Սարգսյանը պատասխանեց, թե` մեծ փորձ։ «Այդպես չի կարելի արտահայտվել»,–ասաց փոխնախարարը։
Հավելենք, որ հայտարարագրերի ռեեստրում Մանե Մարկոսյանի կենսագրական 2 տվյալ կա` նա եղել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնականը և հիմա էլ պաշտպանության նախարար նշանակված Պապիկյանի օգնականն է։