ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» բուժկենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Բալասանյանը սրտի նոպա է ունեցել և հոսպիտալացվել է։
«Պարոն Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է, նա վիրահատական միջամտության ենթարկվելու կարիք չունի»,–ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանը Արցախի ԱԽ քարտուղար է նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նա այդ պաշտոնն է զբաղեցրել նաև 2016-ից 2019 թվականներին, ազատվել է 2019–ի հունիսի 11-ին։ Բալասանյանը Արցախի հերոսի կոչում ունի։ Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Ոսկե Արծիվ» շքանշանով: