ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ղազախստանի իշխանության` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը սկսելու որոշումը շատ տարօրինակ ու զարմանալի է թվում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Նրա կարծիքով՝ Ղազախստանը, որը մինչև վերջերս թվում էր կայուն զարգացող, տնտեսապես հաջողակ, բազմավեկտոր ու արդյունավետ արտաքին քաղաքականություն վարող, հաշված օրերի ընթացքում հայտնվեց պետականության փլուզման եզրին: Եվ խաղաղապահներ մտցնելու որոշումը փաստացի ուղղված էր երկրի հետագա փլուզման կանխարգելմանը։
«Եվ հիմա հանկարծ հայտարարվում է հունվարի 13-ից խաղաղապահների դուրսբերումը սկսելու մասին։ Ի՞նչ է, Տոկաևն արդեն ամբողջությամբ տիրապետո՞ւմ է իրավիճակին։ Արդեն վերահսկո՞ւմ է իրավիճակը։ Նախկինում խոսում էր 20 հազար ահաբեկիչների հարձակման մասին։ Արդեն ի վիճակի՞ է ինքնուրույն ապահովել երկրի կայունությունը։ Դեռ հունվարի 5-ին նա չէր տիրապետում իրավիճակին՝ ունենալով ավելի քան 70-հազարանոց բանակ, ազգային գվարդիա և այլ ուժային կառույցներ»,- ասաց Շահնազարյանը։
Նա նշեց, որ իրավապահները ձերբակալել են անկարգությունների շուրջ 10 հազար մասնակցի: Այսինքն` եթե ելնենք Տոկաևի նշած թվից (20 հազար ահաբեկիչ), ապա նրանց կեսը ազատության մեջ է, իսկ եթե ավելացնենք նաև ձերբակալվածների հարազատներին, ապա կարելի է խոսել առնվազն 70-80 հազար ագրեսիվ տրամադրված զանգվածի մասին։ Քաղաքագետը նշեց, որ սա արդեն առիթ է, որ լրջորեն մտածեն անկարգությունների կրկնության մասին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր ելույթ է ունեցել խորհրդարանում և հայտարարել, որ հունվարի 13-ից կսկսվի խաղաղապահների փուլային դուրսբերումը երկրից: Գործընթացը նախատեսվում է ավարտել 10 օրվա ընթացքում։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։