ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին ներկայացնելու ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պապիկյանն ընդգծել է, որ հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համալսարանի գործունեությունը մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում։
Պապիկյանը նաև շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական պրոցեսի կազմակերպման առանձնահատկություններին և ուսումնական ծրագրերին, տվել հանձնարարականներ։
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետին
© Photo : official site of MoD of RA
Հիշեցնենք` ռազմական համալսարանի նախկին պետ Խաչատուր Խաչատրյանը պաշտոնից ազատվել էր 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համալսարանի պետ էր նշանակել Արթուր Երոյանին։