ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը կեղծ է։ Yerevan.today-ը հետաքննական նյութ է պատրաստել` գրելով, որ Սյունիքի մարզպետարանի գլխավոր էջում նշված չի եղել, թե որտեղ է բարձրագույն կրթություն ստացել մարզպետը, ինչը պարտադիր է մարզպետ նշանակվելու համար։
ԶԼՄ–ն հարցում է ուղարկել մարզպետարան, որտեղից պատասխանել են, որ հարցի հասցեատերը կառավարությունն է, սակայն կառավարությունն էլ իր հերթին հորդորել է դիմել Սյունիքի մարզպետարան։
Երկրորդ անգամ մարզպետարան հարցում ուղարկելուց հետո ԶԼՄ–ին հայտնել են.
«ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 1992 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ»։
Հարցման պատասխանի ընթացքում նաև խմբագրվել է մարզպետի կենսագրությունը, և մարզպետարանի կայքում արդեն տեղադրվել է նրա բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը։
Լրատվամիջոցը հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ` ճշտելու, թե Հայաստանում լիցենզիա ունեցե՞լ է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը։ Ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ «Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը 1996 թվականի հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր, 1997 թվականի հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր։
«Ստացվում է՝ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն»,–գրում է կայքը` նամակագրության նկարները ներկայացնելով։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։