Ի՞նչ տվեց ՀՀ տնտեսությանը թուրքական ապրանքների էմբարգոն, և ո՞վ վնասներ կրեց

Էմբարգոյի բոլոր տեխնիկական հարցերը քննարկելն իմաստ կունենա միայն այն ժամանակ, երբ կփոխվի վերաբերմունքը գլխավոր՝ սեփական արտադրողի աջակցության հարցում։
Sputnik
Էմբարգոյից հետո թուրքական ապրանքները փաստացի շարունակում էին Հայաստան մտնել։ Իհարկե, դրանց հետևելը հեշտ չէր․ ներկրողները նոր պիտակներ էին փակցնում, թուրքական ապրանքը վաճառում էին որպես վրացական, ռուսական և անգամ՝ որպես եգիպտական։
Մյուս կողմից՝ հանրապետությունում ի հայտ եկան ներմուծման փոխարինման օրինակներ, թեկուզ՝ եզակի։ Մեկը սոսնձի արտադրություն սկսեց, մյուսը՝ ընդլայնեց անձեռոցիկների արտադրությունը, երրորդը սկսեց վերնաշապիկներ կարել։
Հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կվերանա
Եվ եթե հիմա կրկին, արդեն՝ ամբողջ ուժով, Հայաստան լցվի թուրքական ապրանքը, ի՞նչ են նրանք անելու։ Ինչպե՞ս են պահպանելու արտադրությունը, ինչպե՞ս են վճարելու վարկերը, որոնք վերցրել են կարի մեքենաներ և այլ սարքավորումներ գնելու համար։ Ամբողջ տարին Էկոնոմիկայի նախարարությունը (որի «զավակն» էր էմբարգոն) հայտարարում էր, որ այն պետք է երկարաձգել, ավելին՝ արգելել ոչ միայն թուրքական ապրանքների ներկրումը, այլև դրանց վաճառքը։ Բիզնեսը, որն ամբողջ տարվա ընթացքում հավատացել էր այդ հայտարարություններին, այժմ փաստի առաջ է կանգնել։
Իհարկե, կարելի է առարկել․ տարեկան մի քանի արտադրություն, այն էլ՝ ոչ մեծ, չափազանց քիչ է, և էմբարգոն արդյունավետ չէ։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ պետությունը ներկրման փոխարինման քաղաքականությունը հոսքային չդարձրեց, այլ ամեն ինչ թողեց բիզնեսի տարերային նախաձեռնությունների հույսին։
Ինչպես է Հայաստանի տնտեսության վրա ազդել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Սխալ կլիներ ասել, թե Հայաստանում արդյունաբերության աջակցության միջոցառումներն առհասարակ բացակայում են․ եթե արտադրողը հաստոցներ կամ հումք է ներկրում, նրան ազատում են մաքսատուրքերից և այդ ներկրման ԱԱՀ-ի համար տարկետում են տալիս, իսկ նախորդ տարվանից սկսած՝ նաև սուբսիդավորում են այդպիսի գնումների վարկավորման տոկոսադրույքները։ Բայց չէ՞ որ այդ աջակցությունը պետությունն առաջարկում է գործի, այլ ոչ թե սեփական խղճի հանգստության համար։
Եթե արտոնություններ տրվել են, վարկերը սուբսիդավորում են, էմբարգո հայտարարել են, իսկ գործը չի ստացվում, ուրեմն պետք է փորձել հասկանալ, թե ինչն է պակասում, ինչու են այդքան քիչ նոր արտադրություններ բացվում։ Կամ՝ թե ինչն է պակասում ներկրողներին, որպեսզի հենց իրենք էլ արտադրող դառնան։ Բայց ամբողջ տարվա ընթացքում այդ թեմայով ոչ մի քննարկում չի անցկացվել։
Ստեղծված իրավիճակը կարելի է նկարագրել խորհրդային տարիների ռուսական կատակերգով։ Մեր օրերում այն ավելի առօրեական կստացվեր․ ուզում ես՝ կարիր, ուզում ես՝ պտուտակներ պտտիր, ուզում ես՝ թուրքական կամ ցանկացած այլ ապրանք բեր, նույն բանն է։
Թուրքական ապրանքների մասնաբաժինը մինչև էմբարգոն և այլընտրանքները էմբարգոյի շրջանում
Էությունը հետևյալն է․ Հայաստանում տեղական արտադրողի և ներկրողի միջև որևէ տարբերություն չի դրվում (հաշվի չի առնվում անգամ այն, որ տեղական արտադրողն անխուսափելիորեն ավելի շատ հարկեր է վճարում, քան ներկրողը)։ Իշխանությունները փոխվում են, իսկ մոտեցումը նույնն է մնում, և էմբարգոյի բոլոր տեխնիկական հարցերը քննարկելն իմաստ կունենա միայն այն ժամանակ, երբ կփոխվի վերաբերմունքը գլխավոր՝ սեփական արտադրողի աջակցության հարցում։
Ավելին՝ տվյալ դեպքում տեղական արտադրողների հետ անգամ ավեի վատ են վարվել, քան թուրքական ապրանք ներկրողների․ վերջիններիս գոնե ավելի քան երկու ամիս ժամանակ էին տվել (էմբարգոյի մասին հայտարարվեց 2020թ․-ի հոկտեմբերի 20-ին, իսկ ուժի մեջ մտավ հունվարի 1-ից), իսկ էմբարգոն չեղարկեցին դեկտեմբերի 30-ին՝ զանգից ընդամենը երկու օր առաջ, առանց բիզնեսին նախազգուշացնելու։

Մի փոքր շեղվենք

Մի բացառություն նշենք․ նախորդ տարի Հայաստանը պաշտպանական մաքսատուրքեր սահմանեց իրանական ցեմենտի համար, հայտարարելով, որ տեղական գործարանները չեն կարող մրցակցել դրա հետ, քանի որ Իրանում գազը շատ էժան է։ Այդ ժամանակ խորհրդարանում և կառավարությունում գրեթե ոչ ոք չէր ասում․ «Թող ամեն ինչ որոշի մրցակցությունը», բոլորն ասում էին (և միանգամայն հիմնավոր), որ պետք է պահպանել ցեմենտի գործարանների երկու հազար աշխատատեղը։ Ուրեմն ինչո՞ւ նույն կերպ չեն վարվում մյուս արտադրությունների հետ։
Բացի այդ, այդ աջակցության փոխարեն ՀՀ կառավարությունը ցեմենտի տեղական գործարաններից ոչինչ չպահանջեց․ օրինակ, ավելացնել էներգաարդյունավետությունը՝ ինքնարժեքը նվազեցնելու համար (չէ՞ որ պետությունը, եթե աջակցում է, պետք է նաև պահանջի)։

«Մերոնցական», թե օտար՝ կարևոր չէ՞

Տեղական արտադրողի հանդեպ նման անտարբեր վերաբերմունքն արտահայտվում է ոչ միայն թուրքական ապրանքների հարցում։ Ավելի քան տասը տարի Հայաստանի համար գործում էր Եվրամիության մաքսային արտոնությունների GSP+ համակարգը, սակայն այս ամբողջ ընթացքում կառավարությունը (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) որևէ վերլուծություն չի կազմել (համենայն դեպս՝ չի հրապարակել) այն մասին, թե ինչ ազդեցություն է այն ունեցել Հայաստանից ԵՄ արտահանման վրա։
Թուրքական ապրանքների ներմուծումը շատ ավելի շահավետ է Թուրքիայի համար, քան Հայաստանի
Եվրասիական միությանն անդամակցելուց հետո հայ արտադրողները ձևականորեն իրավունք են ստացել մասնակցել ԵԱՏՄ այլ երկրների պետգնումներին՝ տեղական արտադրողի հետ հավասար պայմաններով։ Եվ այստեղ էլ որևէ մեկը չի վերլուծել, թե արդյոք դա օգնել է տեղական արտադրությանն ու մատակարարումներին։ Երկու դեպքում էլ, համենայն դեպս՝ ըստ պաշտոնական վիճակագրության, արդյունքները համեստ են, բայց ոչ ոք չի էլ ուզում փորձել հասկանալ, թե ինչպես բարելավել դրանք։
Իհարկե, էկոնոմիկայի մասին լիբերալ գրքերում այս ամենին մեկ պատասխան կա․ «Կարևոր չէ՝ ձեր արտադրողն է, թե օտարի, պայմանները պետք է բոլորի համար հավասար լինեն»։ Այս պատասխանը ամենատարբեր տարիներին պատրաստակամորեն և շատ անգամ մեջբերել են մեր երկրի պաշտոնյաները։ Միայն թե նրանք չէին ավելացնում, որ այն երկրներում, որտեղ այդ գրքերը գրվում և հրատարակվում են, կառավարություններն այդպես չեն վարվում։ Տասնյակ օրինակներ կան, ներկայացնենք ընդամենը երկուսը։
Օրինակ՝ Buy American կանոնների լրացումները, որոնք մտցնում է Ջո Բայդենի վարչակազմը։ Երկար ժամանակ ԱՄՆ-ում պետգնումներով ձեռք բերված ապրանքները պետք է առնվազն 55 տոկոսով արտադրված լինեին Նահանգներում։ Այժմ երկրի իշխանությունները ցանկանում են այդ թիվը հասցնել 75 տոկոսի։ Եվրամիությունն ի պատասխան հայտարարել է, որ ուսումնասիրում է, թե ինչպես են ամերիկյան ընկերություններն իրենց պահում արտերկրում պետգնումների ժամանակ։ Կարելի է հիշել նաև Առևտրի համաշխարային կազմակերպությունում Վաշինգտոնի և Բրյուսելի 17 տարի տևած տարաձայնությունը Boeing-ի և Airbus-ի վերաբերյալ, որը միայն ժամանակավոր լուծում է ստացել:

Գոնե մի լավ բան

Ցանկանալով գոնե մեկ դրական կողմ գտնել, մենք հույս ունենք, որ էկոնոմիկայի նախարարությունը հայրենական արտադրողին աջակցելու նոր միջացառումներ կառաջարկի (ինչն էլ, ի դեպ, խոստացել է դեկտեմբերի 30-ի հայտարարության մեջ), և որ այդ միջոցառումները կքննարկի բիզնեսի հետ։ Այն պայմանով, իհարկե, որ նրանց առաջարկներն էլ կառուցողական կլինեն։