ՌԱԴԻՈ

Ինչ նպատակ են հետապնդում ադրբեջանական սադրանքներն Արցախում. Աբրահամյանը 2 տարբերակ է նշում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է վերջերս Արցախում գրանցված ադրբեջանական երեք սադրանքների և դրանց նպատակների մասին։
Sputnik
Արցախում ադրբեջանցիների կողմից վերջին օրերին իրականացված սադրանքներն ունեն երկու դրդապատճառ, որոնցից մեկը ռուսական խաղաղապահ առաքելության վարկաբեկումն է, մյուսը` Արցախում վախի մթնոլորտի ստեղծումը։Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, որ Կարմիր Շուկա և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ իրականացված ադրբեջանական սադրանքները եղել են նպատակային, գրանցվել են դիպուկահարների կրակոցներ։

«Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ պարբերաբար փորձում է հարվածներ հասցնել և ցույց տալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն իր դերակատարությունը պատշաճ կերպով կամ ամբողջությամբ չի իրականացնում։ Վերջին օրերին ադրբեջանական և թուրքական մամուլն ու տելեգրամյան ալիքները, որոնք ուղղորդվում են կառավարության կողմից, հիմնականում տարածում են հակառուսական տեղեկատվություն, ինչը կապված է նաև Ղազախստանում ՀԱՊԿ–ի զորախմբի ժամանակավոր տեղակայման հետ»,– ասաց պատգամավորը։

Աբրահամյանի խոսքով` բացառված չէ, որ տեղեկատվական–քարոզչական դաշտում հակառուսական մոտեցումները արտացոլվեն նաև Արցախում, որտեղ կայունության ու անվտանգության գլխավոր երաշխավորը հենց ռուսական խաղաղապահ զորամիավորումն է։ Ըստ նրա` Ադրբեջանն ավանդաբար կիրառում է Արցախում վախի մթնոլորտ ստեղծելու և հայերի արտագաղթն իրենց օջախներից նախաձեռնելու մեթոդը։
ԱԺ պատգամավորի խոսքով` վերջին սադրանքներից հետո ռուս խաղաղապահների միջամտությամբ լարվածությունը թոթափվել է, չնայած որ ադրբեջանցիները նպատակաուղղված սպառնացել են խաղաղ բնակիչների անվտանգությանը։ Ըստ Աբրահամյանի` լուծումները պետք է լինեն համակարգային, հատկապես հայկական բնակավայրերի հարևանությամբ գտնվող մարտական դիրքերը պետք է ամբողջությամբ տարհանվեն, առավել ևս, որ նման պայմանավորվածություններ եղել են այլ հատվածներում։
«Չեք կարող սասանել արցախցու վճռականությունը». Արցախի ԱԳՆ֊ն պատասխանել է Ադրբեջանին
Հիշեցնենք, որ Արցախում վերջին օրերին ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։
Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենան, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ է վարվել, իսկ երրորդ միջադեպը գրանցվել է Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհին, որտեղ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ խաղաղ բնակչի մեքենային։