ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի վարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սմաիլովին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ»,– ասված է հրամանագրի տեքստում:
Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանություն էին տվել նախկին առաջին փոխվարչապետ Սմաիլովի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։