ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը:
Նախագահի հրամանագրի համաձայն՝ նախարարների կաբինետի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ռոման Սկլյարը, վարչապետի տեղակալ՝ Երալի Տուգժանովը:
Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կգլխավորի Մուխտար Տլեուբերդին, որը կատարում է նաև փոխվարչապետի պարտականությունները:
Մուրատ Բեկտանովը կգլխավորի պաշտպանական գերատեսչությունը, Երլան Տուրգումբաևը՝ ներքին գործերի նախարարությունը, Բախիտ Սուլթանովը՝ առևտրի և ինտեգրման նախարարությունը:
Նոր կառավարության կազմում ընդգրկված է 21 մարդ։
Ավելի վաղ Տոկաևը Ղազախստանի վարչապետ էր նշանակել Ալիխան Սմաիլովին։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։