ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու պատճառով մեր երկրի սահմաններն անպաշտպան չեն դառնա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե ռիսկային չէ՞ զորախումբ ուղարկելը մեկ այլ երկիր, երբ քո իսկ սահմաններին իրավիճակը լարված է։
«Ռիսկային խնդիր չկա, որովհետև այդ 100 զինծառայողի բացակայությունն այն թվաքականը չէ, որ ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առնչությամբ»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը հստակ հայտնել էր, թե ինչ գործառույթ են իրականացնելու Ղազախստան ուղարկված հայ խաղաղապահները. նրանք պետք է կարևորագույն օբյեկտների պահպանությամբ զբաղվեն։
Հարցին, թե կա՞ն ժամկետներ` երբ հայրենիք կվերադառնան Ղազախստան գործուղված խաղաղապահները` փոխնախարարը պատասխանեց, որ հստակ ժամկետներ նշել չի կարող։ Սակայն, ըստ նրա, հենց Ղազախստան ուղարկելու ժամանակ նշվել է, որ սահմանափակ ժամանակով են խաղաղապահները մնալու այնտեղ։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն է գործուղել խաղաղապահ ստորաբաժանում` բաղկացած 100 զինծառայողից։