Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստան

Արթուր Դավթյան
Արթուր Դավթյանին Մոսկվա է հրավիրել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
ՀՀ գլխավոր դատախազը մասնակցելու է Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում հանդիպում է նախատեսված ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։
Պատվիրակությունը Մոսկվա է մեկնել հենց նրա հրավերով։
Կառավարության մամուլի ծառայությունը հունվարի 5-ին հայտնել էր, որ Դավթյանի հետ ՌԴ են մեկնելու գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանն ու գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում 2021–ի սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։