ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Զրույցի ընթացքում նախագահ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
«Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում Ղազախստանում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը, իսկ հետևանքների հաղթահարումը ապագայի նոր ճանապարհ կբացի Ղազախստանի և նրա ժողովրդի համար։
Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է Ղազախստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման Հայաստանի պատրաստակամությունը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։