ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության պատճառով ապօրինի հատվել է 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին) և 2-րդ (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ) մասերով, և այժմ արդեն նախաքննությունն ավարտվել է։
Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը և անտառպահպանության ինժեները ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ չեն կատարել:
«Վերջիններիս կողմից պարբերաբար շրջայցեր չեն կատարվել, ինչի պատճառով Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության 3 պահաբաժնում հայտնաբերվել է 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր։ Այսպիսով, բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս` ավելի քան 30 մլն դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք:
Դատախազը քրեադատավարական օրենքի տիրությում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու համար։