ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու` համամամասնական ընտրակարգով անցկացվող նոր ընտրությունների կլինեն 2022 թվականի մարտի 27-ին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Նման որոշում է կայացվել այսօր` հունվարի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած արտահերթ նիստում։
«Հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» որոշումները` Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն»,– տեղեկացնում են ԿԸՀ–ից։
Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել հունվարի 4-ին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վեդիում կայացել էին ՏԻՄ ընտրություններ, արդյունքում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար:
Դեկտեմբերի 16-ին Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին:
ՀՀ կառավարությունը հունվարի 4–ին որոշում կայացրեց Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին։