Թուրքիայի ՊՆ–ն ընդունել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի ներկայացուցչին

Սերդար Քըլըչ. Արխիվային լուսանկար
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչին։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ կայքից։
Կողմերի զրույցի բովանդակության մասին մանրամասներ չեն հայտնում։ Դատելով լուսանկարից՝ նախարարը և դեսպանը հանդիպմանը երկուսով են եղել, նախարարության աշխատակիցներ կամ դեսպանին ուղեկցողներ չեն եղել։
Հիշեցնենք՝ 2021-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթաց է սկսելու, որի ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։