ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հաշվարկները խառնվել են, և նրանք, մոռանալով իրենց հետ սերտ, բազմակողմ, խորը հարաբերությունների մեջ գտնվող Ղազախստանին, հակաքարոզչական տարբեր չափաբաժիններով թիրախավորում են նաև Ղազախստանին։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Ղազախստանում տիրող իրավիճակին։
Նրա խոսքով` Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին ուշագրավ լույսի ներքո են ներկայացվում ադրբեջանական և թուրքական մամուլում։ Այսպես, եթե ղազախստանյան ճգնաժամի առաջին օրերին Ադրբեջանում հիմնականում չոր լրատվություն էր տրվում, ապա ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի Ղազախստան տեղափոխվելուց հետո ադրբեջանական կայքերն ու տելեգրամյան ալիքները, որոնք ակնհայտորեն պետական կառավարման ներքո են, ոչ միայն հակառուսական, այլ Ղազախստանի իշխանությունների դեմ ուղղված արշավ են սկսել։
«Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև ԵՄ-ից, ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից եկող ազդակները, որոնց հիմքում` երևացող մասում, ՀԱՊԿ ուժերի Ղազախստանում տեղակայման, ընթացող գործընթացներին ներգրավելու և երկարաժամկետ մնալու հարցն է։ Սակայն պարզ է, որ իրականում գործընթացները շատ ավելի խորքային են և ազդեցության գոտիների ու կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողության խնդիր կա»,–գրել է Աբրահամյանը։
Նա հավելել է, որ հիմա արդեն պարզ է` Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններից հետո եվրասիական տարածաշրջանում ակտիվություն դրսևորող ուժերը վերախմբագրումներ են մտցնելու իրենց քաղաքականության մեջ։ Գործընթացներն այսուհետև այլ տրամաբանության ներքո են ընթանալու։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։