Թուրքական «Pegasus»ը Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել

Արդեն 2 ավիաընկերություն Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու թույլտվություն են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Pegasus» ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։
Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ թուրքական «Pegasus»-ը Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեին։
Նշենք, որ մինչ այդ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուրքական ու մեկ հայկական ընկերություն։
Դեկտեմբերի 30-ին էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։