Նոր ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն չկա. Շահնազարյանը` Մելքոնյանի առաջարկի մասին

Վարդենիսի համայնքապետարան
«Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Վարդենիսի արդեն նախկին համայնքապետ Արման Մելքոնյանի` նոր ընտրություններ անցնացնելու առաջարկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամները դեռևս ծանուցում չեն ստացել այն մասին` արդյոք վարչական դատարանը վարույթ ընդունել է ՔՊ-ականների` Վարդենիսում կայացած ավագանու առաջին նիստը ոչ իրավաչափ ճանաչելու դիմումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։
Օրենքը նախատեսում է գործը վարույթ ընդունելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակել դատարանի որոշումը։ Իսկ մինչ դատարանի որոշումը ուժայինները նոր ընտրված համայնքապետին ու ավագանու անդամներին արգելում են մուտք գործել համայնքապետարան։

«Վարչական դատարան դիմելը դեռևս հիմք չէ, որ մեզ ներս չթողնեն համայնքապետարանի շենք, դա ոչ իրավաչափ գործողություն է, այնուամենայնիվ մենք որոշեցինք սպասել դատարանի վճռին»,- ասաց Շահնազարյանը։

Վարդենիսի արդեն նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը չի համակերպվում ՏԻՄ ընտրությունների արդյունքում գրանցած պարտության հետ, ընտրություններում հաղթած և արդեն ընտրված ընդդիմադիր ուժերին առաջարկում է ամեն ինչ մի կողմ դնել և նոր ընտրություններ անցկացնել։
Շահնազարյանի խոսքով` ՀՀ օրենսդրությունը ընտրությունները չեղարկելու որևէ գործիքակազմ չի սահմանում, հետևաբար Մելքոնյանին մնում է համակերպվել, որ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունից հետո Վարդենիս խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի` հանձինս Ահարոն Խաչատրյանի։
Նոր ընտրությունների մասին խոսելն անգամ անիմաստ է. Շահնազարյանը` Վարդենիսի մասին
«Չեմ կարծում, որ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, որովհետև ավագանին ձևավորված է, ավագանու մանդատները բաշխված են, ավագանու առաջին նիստը կայացել է, համայնքի ղեկավար ընտրվել է, և անգամ համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունն է տեղի ունեցել, հետևաբար նոր ընտրությունների մասին խոսելն այլևս իմաստ չունի»,- հավելեց նա։
Հիշեցնենք` 2021թ.–ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացավ 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին, նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին:
ՔՊ–ի թեկնածուն փորձում է Վարդենիսում խմբագրել համայնքի էլեկտորալ տրամադրությունները