ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանում «Օմիկրոն» շտամով վարակված 2 ՀՀ քաղաքացիները հիվանդությունը թեթև են տանում, դա է պատճառը, որը բուժում են ստանում տնային պայմաններում։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։
Նրա խոսքով` «Օմիկրոն» շտամով վարակված անձանցից մեկը ԱՄՆ-ից է Մոսկվայով ժամանել է Հայաստան, իսկ մյուսը` Եգիպտոսից։
«Մեր երկրում, անկախ շտամների տեսակից, գործում է նույն ընթացակարգը, այսինքն` դրական ՊՇՌ հետազոտությամբ անձինք ենթարկվում են ինքնամեկուսացման` 14 օր տևողությամբ։ Ըստ հիվանդության կլինիկական ընթացքի ծանրության` որոշում է կայացվում, թե պացիենտը բուժումը կստանա տան պայմաններում, թե կհոսպիտալացվի»,–ասաց Աբովյանը։
Ինչպես մյուս շտամերը, «Օմիկրոնն» էլ է արագ տարածվում։ Դա կանխելու համար ավելի արդյունավետ է երրորդ`բուստեր պատվաստանյութը։ Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն բարձրացնում է իմունիտետը և պայքարում է «Օմիկրոնի» դեմ։
Աբովյանը նաև նշեց, որ առայժմ «Դելտակրոն» մուտացված շտամի գոյությունը հաստատված չէ, ուստի Հայաստանում դրա տարածման մասին խոսելն անիմաստ է: Նա հիշեցրեց, որ երկրում միայն հայտնաբերվել են այն շտամները, որոնց մասին հայտնել է ԱՀԿ–ն:
Մեկնաբանելով երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը՝ Աբովյանը նշեց, որ առայժմ այն կայուն է։ Կորոնավիրուսի վերարտադրողականության գործակիցը ներկայումս 1-ից պակաս է, սակայն առկա է ավելի ակտիվ տարածման և հայտնաբերված դեպքերի ավելացման ռիսկ:
«Մենք կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ ենք կանխատեսում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ դպրոցների, բուհերի բացմամբ, տոնական տարբեր միջոցառումների անցկացմամբ», - ասաց Աբովյանը:
Նա նշել է, որ ներկայումս Հայաստանը ԵՄ չափանիշներով մնում է կանաչ գոտում։
Նշենք, որ «Օմիկրոնը» ի տարբերություն «Դելտա» շտամի շատ ավելի արագ է տարածվում, բայց կլինիկական ընթացքով բավականին թեթև է , հիմնականում ախտահարում է վերին շնչուղիները, ուղեկցվում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով և շատ ավելի հազվադեպ է առաջացնում թոքաբորբ։ Ի տարբերություն այլ շտամների, «Օմիկրոնի» դեպքում երեխաներն ավելի խոցելի են։
Հիշեցնենք, որ հունվարի 8–ին պարզ դարձավ, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամով վարակված 2 քաղաքացի կա։