ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-ից 13-ը կայցելի Ղազախստան, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
Երկրի ղեկավարության հետ հանդիպումներից բացի, կազմակերպության ղեկավարը կհանդիպի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ, կծանոթանա տիրող իրավիճակին, կայցելի խաղաղապահների տեղակայման կետերը։
Ուղևորության ընթացքում նախատեսվում է, որ Զասը կհանդիպի երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, փոխվարչապետ-ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։