Հայաստանի ու Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։
Միրզոյանը զրույցում շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի աջակցությունը համանախագահության ջանքերին՝ ուղղված հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։
Կոնսենսուսային որոշում է պետք. ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու մասին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հրատապ հումանիտար հարցերի լուծմանը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում: Նախարար Միրզոյանը ներկայացրել է այս հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը՝ արտացոլված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հունվարի 6-ի հայտարարությունում:
«Անհանգստությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ղազախստանի պաշտոնական դիմումի համաձայն՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև՝ ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի վրա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար: