ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Մահացել է Ղազախստանի Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ, գեներալ Ժանատ Սուլեյմենովը։ Լուրը հաստատել են ոստիկանությունից։
Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցների տվյալները, գեներալ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։
Նշենք, որ Ժամբիլի շրջանը Ղազախստանի ակտիվ բախումների մեջ ներքաշված շրջաններից է, որտեղ, վերջին տվյալներով,10 մարդ է մահացել։
Sputnik Ղազախստանի տվյալներով` այդ երկրում բախումների ժամանակ ընդհանուր առմամբ 164 մարդ է սպանվել։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։