Իրադրությունը Ղազախստանում արդեն գնում է դեպի կայունացման և վերահսկելի է իշխանության կողմից, որը կշարունակի պաշտոնավարել ու պահպանել իր դիրքերը, սակայն չի կարելի բացառել հնարավոր փոքր ցնցումները, Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ղազախագետ Շուշան Խաչատրյանը։
«Իրավիճակը կայունացավ ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորախմբի ժամանումից հետո։ Մինչ այդ եղան բարձրաստիճան պետական գործիչների հայտարարություններն առ այն, որ Ղազախստանի ուժային կառույցների ռեսուրսները կարող էին չբավականացնել, ուստի ՀԱՊԿ–ն այդ բացը լրացրեց` նպաստելով իրավիճակի կայունացմանը»,– ասաց նա։
Խաչատրյանի խոսքով` դեռ անցյալ տարվանից հնչում էին մասնագիտական գնահատականներ այն մասին, որ Կենտրոնական Ասիայում կարող են լինել տաք օջախներ, քանի որ տարածաշրջանը գտնվում է գլոբալ աշխարհաքաղաքական շահերի հատման տիրույթում, ուստի նման ցնցումներ և կոնֆլիկտներ կարող են լինել նաև Կենտրոնական Ասիայի այլ երկրներում։
«Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվեցին սոցիալական հիմքի վրա, բայց շատ արագ վերածվեցին քաղաքականի, այսինքն` որոշակի շրջանակներ իրավիճակն օգտագործեցին իրենց նպատակների համար։ Փաստն այն է, որ ղազախական իրադարձություններին մասնակցել են ինչպես ահաբեկչական խմբավորումներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, ուստի նրանց դեմ պայքարը տեղի իշխանության համար առաջիկայում կլինի ամենածանր մարտահրավերներից մեկը»,– նշեց ղազախագետը։
Խաչատրյանի կարծիքով` Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևի տեսակետը, թե երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա կա արտաքին ազդեցություն, կարելի է պրոյեկտել Թուրքիայի վրա, քանի որ Անկարան որոշակի նկրտումներ ու նպատակներ ուներ Ղազախստանի առնչությամբ։ Ըստ նրա` վերջին օրերի զարգացումներից հետո Թուրքիան որոշակի փոփոխություններ է մտցրել իր պլաններում Ղազախստանին առնչվող հետագա քաղաքականությունը մշակելիս։
Ղազախագետի պնդմամբ` եթե նման սցենարով զարգացումներ լինեն այլ երկրներում, ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորախումբը կարող է տեղերում հաջողությամբ իրականացնել հակաահաբերկչական գործողություններ։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։